ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2021 ԹՎԱԿԱՆ
2021 թվականի հուլիսի 7-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ հանրային լսում: Հանրային լսումը հրավիրվել էր Նոյեմբերյան քաղաքի Ամերիկյան թաղամասում ֆելզիտային տուֆի առկայության ուսումնասիրության կատարելու հարցը քննարկելու նպատակով:
Լսմանը ներկա էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամներ, «Կորաբերդ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները, Նոյեմբերյան քաղաքի Ամերիկյան թաղամասի բնակիչներ և քաղաքի այլ բնակիչներ:
Հանրային լսման բացման խոսքով ելույթ ունեցավ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
Լսման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրեց հանրային լսման թեմայի վերաբերյալ մանրամասներ, այնուհետև ձայնը տրվեց «Կորաբերդ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Նասիբյանին: Վերջինիս հիմնավորմամբ Ամերիկյան թաղամասին հարակից գոտում ֆելզիտային տուֆի առկայության պարագայում հանքի շահագործումը կստեղծի շուրջ 30-ից 40 աշխատատեղ, նախապատվությունը տալով թաղամասի բնակիչներին: Ներկայացվեց, որ քարհանման աշխատանքները զարգացած տեխնիկայի պայմաններում ավելի անաղմուկ են, համեմատաբար քիչ են աղտոտում օդը, շրջակա միջավայրը:
Հարցի շուրջ իրենց տեսակետը հայտնեցին թաղամասի բնակիչներ Նաիրա Ղազինյանը, Գենյա Խաչիկյանը, Մանուշ Հարությունյանը, Գարեգին Գոգինյանը, Սարգիս Ղազինյանը, Սիրուհի Գանջալյանը, Արշակ Գիշյանը, Փառանձեմ Խանգելդյանը և Վոլոդյա Անանյանը:
Հանրային լսմանը ներկա թաղամասի բնակիչները կտրականապես դեմ էին քարհանքի ոչ միայն շահագործմանը, այլև ուսումնասիրության աշխատանքներին:
Թաղամասի բնակիչ Փառանձեմ Խանգելդյանը իր ելույթի մեջ հայտարարեց, որ նախկինում իրենք առնչվել են տվյալ հատվածում քարհանքի շահագործման աշխատանքների բացասական հետևանքներին ՝ աղմուկ, փոշի, քարաթափումներ, որոնք վտանգ են հանդիսանում մարդկանց կայնքի և առողջության համար: Առաջարկեց օրենքով սահմանված կարգով հիմնավորել անվատանգության կանոնների խստիվ պահպանումը:
Ամերիկյան թաղամասի բնակչության մտավախությունը կայանոմ էր նաև նրանոմ, որ ենթադրություններ ունեն քարհանք բացվող տարածքում ուրանի հանքի առկայության առթիվ:
Հանրային լսումների արդյունքում կողմերը փոխհամաձայնության չեկան:
ԱՐՁԱՆԱԳՐՈՂ ԱՐԵՎԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ